Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ եւ ընդլայնմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարեւորել է երկկողմ առեւտրշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաեւ մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարեւորել է նաեւ դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:

Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը: