Երեւանում իր աշխատանքներն է սկսել Հիդրոօդերեւութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը, որը կոչված է ավիահիդրոօդերեւութաբանության բնագավառում ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից եւ Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բանպահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Զվարթնոց ավիոօդերեւութաբանական կենտրոնը»:
Նախարարի անունից ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընթերցել է նախարար Արամ Հարությունյանի ուղերձը, որում ասված է. «Այս հանդիպումը եզակի առիթ է ոլորտի մասնագետների համար՝ քննարկելու եւ համագործակցության նոր ուղիներ փնտրելու ավիաօդերեւութաբանության բնագավառում: Հայաստանի տնտեսության համար, ելնելով երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից, հույժ կարեւորվում է օդային տրանսպորտի վստահելի ու անխափան գործունեությունը:
Բնականաբար օդային կապ իրականացնելու համար անհրաժեշտ է օդերեւութաբանական կանխատեսումներ կատարել եւ եղանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել մեր քաղաքացիական ավիացիային: Այս դժվար ու պատասխանատու աշխատանքում անգնահատելի են նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ ոլորտում նորարարությունների կիրառումը: Այն կօգնի մեր երկիր այցելուների եւ Հայաստանի քաղաքացիների ուղեւորափոխադրումները խաղաղ եղանակային պայմաններում կատարել»:
Բնապահպանության նախարարը կարեւորել է նախատեսված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են աերոնավիգացիայի օդերեւութաբանական սպասարկումն իրականացնող մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ցածր բարձրություններում թռիչքների օդերեւութաբանական սպասարկմանը, ինչպես նաեւ սահմանակից պետությունների միջեւ միջսահմանային գոտիներում օդերեւութաբանական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:
Ավարտին Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը գործող կառույցի շրջանակներում հիմք կդնի որակապես նոր ստանդարտների կիրառմանը մասնակից պետությունների` նման պատասխանատու աշխատանքում:



























