Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 29-ին, ընդունել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելել է, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները եւ շփումները։
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ ունեցած իր հանդիպմանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Դեսպան Հոուգն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը, որոնք, նրա բնորոշմամբ, գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում Նորվեգիայի կողմից իրականացվող ծրագրերին, տնտեսական, գիտական եւ մշակութային համագործակցության խթանման հնարավոր ուղիներին:
Հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Կնուտ Հոուգին:



























