Երեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Իսրայելի անկախության 65-րդ տարեդարձի եւ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրման կապակցությամբ ընդունելությունը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական եւ բիզնես կառույցների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մայրոմը պատմել է Իսրայելի ձեռքբերումների մասին, մասնավորապես, նշելով իր երկրի առաջատար դիրքերն աշխարհում բժշկության, բիոտեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում: «Միակ բանը, որ այսօր պակասում է Իսրայելին, հարեւանների հետ խաղաղությունն է: Իսրայելը խաղաղություն է ուզում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնենք խաղաղության»,-հայտարարել է դեսպանը:

Շմուել Մայրոմը շնորհավորել է Աշոտ Շահմուրադյանին՝ Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրումը դիվանագիտական կարեւոր քայլ է` ուղղված երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:

Ներկաներին է դիմել նաեւ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրումը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Միջոցառումը շարունակվել է իսրայելական «Ամեխայե» խմբի երաժշտությամբ: