Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի «Կարապետ» տիկնիկային թատրոնը՝ Ուկրաինայի Պոլտավա քաղաքում մասնակցել է տիկնիկային թատրոնների «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փառատոնին: Փառատոնին մասնակցել են աշխարհի 9 երկրի՝ 16 տիկնիկային թատրոն:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի «Կարապետ» թատրոնը փառատոնին ներկայացել է Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի տիկնիկային ներկայացումով եւ «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում արժանացել մրցանակի: Նշենք, որ բարձրարվեստ եւ արհեստավարժ տիկնիկավարության համար թատրոնը նաեւ արժանացել է «Լտավա» հեռուստաընկերության եւ փառատոնը լուսաբանող լրագրողների մրցանակին:

Ներկայացումն արժանացել է նաեւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը եւ փառատոնի մասնակից թատրոնների բարձր գնահատականին: Վերջինները «Կարապետ» թատրոնին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալու իրենց երկրներում եւ ցանկություն հայտնել՝ մասնակցելու Դսեղում անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնին: