Այսօր՝ մայիսի 31-ին, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Քաթարի պետության ներքին գործերի եւ աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների եւ սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:
Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները:
Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության անդամները շեշտել են ՀՀ ոստիկանության հետ համագործակցության կարեւորությունը, հատկապես Քաթարի պետությունում ՀՀ քաղաքացիների գործունեության կանոնակարգման եւ իրավական հարցերի կարգավորման համատեքստում:
Քննարկվել են նաեւ անձնագրերի եւ վիզաների տրամադրման հետ կապված հարցեր:
Ոստիկանության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու այդ հարցում եւ քննարկելու ցանկացած խնդիր: Արթուր Օսիկյանը նաեւ ընդգծել է կողմերի միջեւ իրավական համագործակցության, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի երկու երկրների եւ ժողովուրդների համագործակցությանը եւ բարեկամական կապերի ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության մասին:



























