Թուրքիայում բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է 939 մարդ, վիրավորվել է 79-ը: Կառավարության հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել երկրի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում:
ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ հուզումներ են տեղի ունեցել երկրի 48 նահանգներում: Նա նաեւ ավելացրել է, որ 939 ձերբակալվածներից ոմանց ազատ են արձակել, գրում է «Գազետան»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները բողոքում էին Թաքսիմ կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Ականատեսները նշում են, որ որոշ կենտրոնական փողոցներ փակված են բարիկադներով:
Մայիսի 31-ից ցույցեր էին անցկացվում Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Անկարայում: Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց:




























