Հունիսի 3-ին խոշոր հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիս-արեւելքի թռչնաֆաբրիկայում: Տվյալ պահին հայտնի է միայն 55 զոհերի մասին, սակայն «Սինհուան» հայտնում է, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ չի բացառվում, որ զոհվածների վերաբերյալ նոր տվյալներ ստացվեն:
Հրդեհը բռնկվել է Ցզիլին նահանգի Դեհուեյ քաղաքային շրջանի ֆաբրիկայում: Աշխատակիցները արգելափակված են մնացել պահեստներից մեկում: Հրդեհին նախորդել են ֆաբրիկայի էլեկտրացանցերի երեք պայթյուններ, հայտնում է lenta.ru-ն:
Ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության` հրդեհի հետեւանքով տարբեր վնասվածքներ է ստացել 41 մարդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ընկերությունում աշխատում է շուրջ 1,2 հազար մարդ:




























