ԱՄՆ-ի Օկլահոմայում տորնադոյի ժամանակ զոհվել են երեք «փոթորիկ որսացողներ», այդ թվում նաեւ՝ այդ բնագավառի հայտնի մասնագետ Թիմ Սամարասը, հայտնում է CBC-ն:
54-ամյա Թիմ Սամարասը, նրա որդի` 24-ամյա Փոլը եւ գործընկեր 45-ամյա Կարլ Յանգը զոհվել են Օկլահոմա սիթիի արվարձան Էլ Ռինոյից ոչ հեռու: Սամարասը սերտ համագործակցում էր Discovery հեռուստաալիքի հետ, որով հեռարձակվում էր նրա «Փոթորիկ որսացողները» ծրագիրը: Նրա հիմնադրած Twistex ընկերությունը բազմիցս դրամաշնորհներ էր շահել Ազգային երկրաբանական միությունից` տորնադոների դիտարկման եւ ուսումնասիրման համար:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի Օկլահոմա նահագում տուժածների քանակը հասնում է 104 մարդու, որոնցից 13-ը զոհվել են: Առանց էլեկտրականության են մնացել 210 հազար մարդ: Արտակարգ դրություն է հայտարարվել Օկլահոմա եւ Միսուրի նահանգներում:




























