Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը հանել է Իսսիկ-Կուլի մարզի Ջեթի-Օգուզ շրջանի՝ խոշորագույն «Կումտոր» հանքի տարածքի արտակարգ դրությունը, որտեղ նախորդ շաբաթ խռովություններ էին ծագել:
«Կաբարը», վկայակոչելով Ղրղըզստանի կառավարության տեղեկատվական քաղաքականության աշխատակազմին, հայտնում է, որ հրամանագրում, մասնավորապես, ասված է. «2013թ. հունիսի 3-ին, ժ. 12:00-ին չեղյալ հայտարարել Իսսիկ-Կուլի մարզի Ջեթի-Օգուզ շրջանի արտակարգ դրությունը»: Նշվում է նաեւ, որ Ղրղըզստանի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի պետմարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Իսսիկ-Կուլի մարզի Ջեթի-Օգուզ շրջանի տարածքում բնակչության կենսապահովման օբյեկտների աշխատանքների հետագա կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին բողոքողները փակել էին «Կումտոր» հանք տանող մայրուղին, գրավել էին «Տամգա» հենակետը եւ անջատել հանք մատակարարվող էլեկտրաէներգիան: Մայիսի 31-ին բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ, որոնց ժամանակ ոստիկանները հատուկ միջոցներ էր կիրառել, տուժել էր 55 մարդ: Նախագահի հրամանով շրջանում արտակարգ դրություն էր մտցվել եւ պարետային ժամ՝ մինչեւ հունիսի 10-ը: Ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել Տորոնտոյում գրանցված Centerra Gold ընկերության հետ համաձայնագիրը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ:
Երկրի վարչապետ Ժանտորո Սաթիբալդիեւը բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր կանադացիներից վերցնել ոսկու հանքը:




























