Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին աչքի է ընկել միջազգային հանրության «աչքին թոզ փչելու» հարցում: Վաշինգտոնում մասնակցելով հրեական AJC Global Forum-ի բաց լոբբիին` նախարարն առաջարկել է աջակցել պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մամեդյարովը համաժողովի մասնակիցներին պատմել է իր երկրի՝ որպես խոշոր էներգամատակարար, ունեցած առանցքային դերի եւ Ադրբեջանին ու Իսրայելին միավորող սերտ կապերի մասին: Ըստ նրա` Ադրբեջանը գերազանցապես մահմեդական բակչություն ունեցող երկիր է, հակասեմականության պատմություն չունի, եւ այսօր տուն է շուրջ 35 հազար հրեաների համար: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս տեղի է ունեցել իր առաջին պաշտոնական այցն Իսրայել, ինքը նաեւ այցելել է Պաղեստին, եւ ենթադրել է, որ «իսլամի, քրիստոնեության եւ հուդդայականության խաղաղ գոյակցության» իր երկրի փորձը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ «միջազգային կամրջի» դեր ստանձնել իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատման գործում:
AJC Global Forum-ն անցկացվում է ամեն տարի` ԱՄՆ-ի հրեական լոբբիի կողմից: Մասնակցում են աշխարհի 60 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի համաժողովի մասնակիցները լիագումար նիստերի շրջանակում կքննարկեն «արաբական գարնան» հետեւանքները, ներգաղթի, ինտեգրման եւ նույնականացման հարցեր:
Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը, բնականաբար, ոչինչ չի ասել հայկական ջարդերի, Ադրբեջանից արտաքսված հարյուր հազարավոր հայ փախստականների, պաշտոնական մակարդակով տարվող հակահայ քաղաքականության մասին: Ստացվում է, որ արյունալի պատերազմ հրահրած երկիրն այժմ «խաղաղարարի» դերի է հավակնում:




























