Բրիտանիայի վարչապետն իր օգնականների հետ քննարկել է ինչ-որ սիրավեպի մասին ցնցող պատմություն, որը կարող է քաղաքական լուրջ հետեւանքներ ունենալ հենց Դեյվիդ Քեմերոնի համար: Այս մասին գրում է The Daily Mail թերթը, որին հայտնի են բոլոր մանրամասները, սակայն այն չի պատրաստվում դրանք բացահայտել` «իրավաբանական պատճառներից ելնելով»:
Ըստ թերթի պատմածի` երկու հոգու գաղտնի կապը, որը, չգիտես ինչու, առնչվում է Քեմերոնին, ակտիվ քննարկվում է համացանցում: Ինչ վերաբերում է վարչապետին, նա իբրեւ թե խիստ զարմացել է` իմանալով ենթադրյալ սիրեկանների անունները:
Իսրայելական մամուլը, վկայակոչելով Դաունինգ սթրիթի իր աղբյուրները, գրում է, որ այդ սկանդալի մասնակիցներն են Բրիտանիայի վարչապետի կին Սամանտա Քեմերոնը եւ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, նշում է NEWSru Israel-ը: Հաղորդվում է նաեւ, որ սիրավեպն իբր արդեն ավարտվում է, ինչը չի վերացնում մասնակիցների համար հնարավոր տխուր հետեւանքները:
Ըստ The Daily Mail-ի` լսելով առեղծվածային սիրավեպի մասին զեկույցը`Քեմերոնն իսկույն գիտակցել է կատարվածի նշանակությունը եւ քննարկել դա Դաունինգ սթրիթի իր օգնականների հետ: Ընդհանուր եզրակացությունը հետեւյալն է եղել. դա «դինամիտ» է:




























