Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտնել է, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրեն տխրեցնում են։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետի պաշտոնական կայքին, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, թե Իրաքի կառավարությունն ուշադիր հետեւում է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության տեսանկյունից Թուրքիան կարեւոր տեղ է զբաղեցնում։

Մալիքին շեշտել է, որ բողոքի գործողությունները տարածվել են ամբողջ Թուրքիայում, քանի որ Ստամբուլի ցուցարարների դեմ ուժ է կիրառվել։ Մալիքին հորդորել է ուժ չկիրառել ցուցարարների դեմ։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: