Աֆղանստանի Պակտիա նահանգում մոտոցիկլետով մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարությունը (ISAF)` վկայակոչելով տեղի ոստիկանության ղեկավարին: Եվս 25 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Ըստ AFP գործակալության` ահաբեկչության զոհ են դարձել 10 աշակերտներ, որոնք դպրոցից տուն էին վերադառնում: Եվս 15 երեխա վիրավոր է: Բացի դրանից, պայթյունի հետեւանքով զոհվել են մեկ ոստիկան եւ միջազգային դաշինքի երկու զինծառայող, հայտնում է BFM.RU-ն: Ըստ ոստիկանության` մահապարտ-ահաբեկիչն ականապատ մոտոցիկլետով սլացել է դեպի «Սամկանի» դպրոցի մոտ կանգնած մարդկանց խումբը: Նրա թիրախը ISAF-ի անդամներն են եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























