ԱՄՆ-ում ազատորեն գործում են արմատական իսլամիստների միանգամից մի քանի տասնյակ փակ ճամբարներ, որոնք փաստացի վերածվել են ահաբեկիչների պատրաստման կենտրոնների: Այդ մասին տվյալները հայտնվել են միանգամից մի քանի լրատվամիջոցներում:

Մասնավորապես, Foxnews հեռուստաալիքի եթերում մանրամասն պատմվել է ամենախոշոր բնակավայրի` Իսլամբերգի (Islamberg) մասին, որը գտնվում է Մանհեթընից մի քանի ժամվա ճանապարհի վրա:

Լրագրողների ձեռքում է հայտնվել տեսագրությունը, որը ակնհայտորեն պետք է դառնար համայնքի նոր անդամներ հավաքագրելու գովազդ: «Մեր նորակոչիկները պարտիզանական պատերազմ վարելու հատուկ պատրաստություն են անցնում: Ներկայումս մենք ունենք մի քանի ճամբարներ: Դուք հանգիստ կարող եք կապվել մեզ հետ Նյու Յորքում կամ կանադայում, Հյուսիսային Կարոլինայում կամ Պակիստանում»,- կոչ է արել Սաիդ Մուբարաք Ալի Շահ Գիլանին, ով Իսլամբերգի հիմնադիրն է, հաղորդում է RBC-ն:

Պակիստանյան ծագումով ամերիկացի Ալի Գիլանին համարվում է պակիստանյան «Ջամաաթ ալ-Ֆուգրա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը: Հատկանշական է, որ Իսլամբերգի եւ «Ջամաաթ ալ-Ֆուգրա»-ի ստեղծման տարեթիվը համընկնում է` 1980թ.: Ալի Գիլանին Նյու Յորքից ոչ հեռու գնել է 70 ակր տարածք, որտեղ էլ կառուցվել է Իսլամբերգը: Այդ կազմակերպության ամերիկյան ստորաբաժանումը կոչվում է «Ամերիկայի մահմեդականներ»:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ 22 նահանգներում գործում է 35 նման բնակավայր, ընդ որում դրանց գոյության մասին հայտնի է ոչ միայն լրագրողներին, այլեւ իշխանությւոններին: Այդ ճամբարների հիմնական բնակիչներ են դառնում նախկին հանցագործները, որոնք նստել են ամերիկյան բանտերում եւ այնտեղ էլ իսլամ են ընդունել: