Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 3-ին, ընդունել է սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին, ով իր ստեղծագործություններում անդրադառնում է թրաֆիքինգի խնդրին: Նրա վերջին` «Հեռավոր մի տեղ» վեպի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, Երեւանում:

Փոխվարչապետը նշել է, որ ծանոթ է գրողի գործին եւ շնորհակալություն հայտնել խնդիրը բարձրացնելու, հանրության ուշադրությունն այդ երեւույթի եւ նրա զոհերի ճակատագրի  վրա  հրավիրելու համար: Նա նկատել է, որ գեղարվեստական ստեղծագործությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրության վրա եւ ավելի հասանելի են ներկայացնում խնդիրը, բացահայտում երեւույթի հետ կապված վտանգները:

Ա. Գեւորգյանն անդրադարձել է Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացված եւ իրականացվելիք աշխատանքներին: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին, այդ ուղղությամբ  տեսանելի արդյունքներ արձանագրվել են, սակայն քայլերը շարունակվում են: Այս տարի կառավարության կողմից հաստատվել է նաեւ «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ.  ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», եւ այն իրականացնելու հարցում խորհուրդը  համագործակցում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման, հանրությանն այդ երեւույթի վտանգների մասին իրազեկելու, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ: