ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսի հետ կապված սկանդալի մասնակից Ջիլ Քելին դատի է տվել ՀԴԲ-ին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը  եւ կառավարության անանուն աշխատակիցներին: Հայցը բաղկացած է 65 էջից:

Քելին պահանջում է պաշտոնական ներողություն եւ փոխհատուցում` իր եւ իր ամուսնու մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու համար: Թամփայի բնակչուհին պնդում է, որ  «հրապարակային ծաղրի, բարոյական քննադատության, արհամարհանքի» է ենթակվել, քանի որ  ՀԴԲ-ի եւ Պենտագոնի աշխատակիցները լրատվամիջոցներին միտումնավոր հայտնել էին սուտ եւ իր ընտանիքին վարկաբեկող տեղեկություն, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին:

Հիշեցնենք, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավարի շուրջ սկանդալը սկսվել էր 2012թ. նոյեմբերին: Իր կենսագիր Փոլա Բրոդուելի հետ Պետրեուսի արտամուսնական կապի քննությունն սկսվել էր, երբ  Պետրեուսների ընտանիքի մտերիմ Քելին դիմել էր ՀԴԲ-ին: Նա պնդում էր, որ անանուն սպառնալիքներ է ստացել Բրոդուելից: 

Քննության ընթացքում պարզվել էր, որ Քելին «անվայել» նամակագրություն է ունեցել գեներալ Ջոն Ալենի հետ, որն այն ժամանակ  ISAF-ի հրամանատարն էր եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի թեկնածու:  Երբ նրանց նամակների մասին հայտնի էր դարձել լրատվամիջոցներին, Ալենը լքել էր  զինվորական ծառայությունը: Ստիպված հրաժարական էր տվել նաեւ Պետրեուսը: