Բրեդլի Մենինգը տեղեկություններ է հաղորդել հայտնի դառնալու համար, կարծում է մեղադրող կողմը։ Մենինգի դատը սկսվել է հունիսի 3-ին։
«Նա ծառայությունն օգտագործել է հայտնի դառնալու համար», - ասել է դատախազ Ջո Մորոուն։
Մորոուն հայտարարել է, որ մեղադրող կողմը մտադիր է ներգրավել դատական փորձագետների, որպեսզի նրանք հրապարակեն ամբաստանյալի նամակագրությունը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ։ Իր հերթին պաշտպանությունը Մենինգի վարքը հիմնավորել է երիտասարդ լինելու, միամտության եւ բարի մտադրություններ ունենալու հանգամանքով։
Մենինգի փաստաբանը՝ Դեյվիդ Քումբսը, հայտարարել է, որ իր պաշտպանյալը ցանկանում էր Իրաքում կռվել, բայց պատերազմի նկատմամբ նրա հայացքները փոխվել են, երբ իրաքցի խաղաղ քաղաքացիներով մեքենան պայթել էր՝ ամերիկյան զինծառայողների շարքին ճանապարհը զիջելիս, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։




























