Չինաստանի Ցզիլին նահանգի թռչնաֆաբրիկայի հրդեհի զոհերի հարազատները փակել են գլխավոր ավտոմայրուղու ճանապարհը եւ վեճի են բռնվել իրավապահների հետ: Նրանք իշխանություններից պահանջել են այն հարցի պատասխանը, թե ինչու են զոհվել իրենց հարազատները, գրում է Reuters-ը:
Ցույցին մասնակցում է մոտ 100 մարդ: Ըստ նրանց՝ ֆաբրիկայի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար:
Մեկ ժամ անց իրավապահներին հաջողվել է ցրել ամբոխը:
Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը ամոնիումի արտահոսքն է եղել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի կասկածյալների:
Հիշեցնենք, հունիսի 3-ին Ցզիլին նահանգի Դեհուեյ շրջանում հրդեհ էր բռնկվել, որին նախորդել էին հիմնարկության էլեկտրացանցերի երեք պայթյուններ: Զոհվել էր 120 մարդ:




























