Կենդանիների պաշտպանների կազմակերպած արշավի դեմ բողոքող գիտնականների հանրահավաքն ավարտվել է բախմամբ: Գիտնականները եղել են մոտ 300, իսկ կենդանիների պաշտպանները` մոտ 30 հոգի:

Ինչպես հայտնում է Nature News-ը, բախումը տեղի է ունեցել հունիսի 1-ին, Միլանում: Գիտնականների խոսքով` իրենց ցույց կազմակերպելու քայլին է դրդել կենդանիների պաշտպանների իրականացրած արշավը: Ըստ գիտնականների` իրենք հետապնդման զոհ են դառնում, իսկ իրենց հակառակորդները դիմում են ծայրահեղ քայլերի: Lenta.ru-ի փոխանցմամբ` Facebook-ի միջոցով կազմակերպված ակցիայի ընթացքում կենսաբաններն անցորդներին թերթիկներ են բաժանել, եւ շուտով հայտնվել են «մարդասպաննե՛ր» վանկարկող կենդանիների պաշտպանները: Զանգվածային ծեծկռտուքը դադարել է միայն ոստիկանների միջամտության շնորհիվ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել:

Ավելի վաղ` ապրիլի 20-ին, անհայտ անձինք ներխուժել էին Միլանի համալսարան, բաց թողել կենդանիների մի մասին եւ փոխել վանդակների ցուցանակները: Գիտնականների գնահատմամբ` այդպիսով ոչնչացվել էր իրենց մի քանի տարվա աշխատանքը, ինչը մեծ վնաս էր հասցրել համալսարանին: Բաց թողնված մկներն էլ դատապարտվել էին մահվան: