ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը պարգեւներ են հանձնել, որով  մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից:

2012 թ-ից, համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը Ասպարեզ ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին հանձնել է «ազատության պաշտպանի» մրցանակը: «Լեւոնը արտասովոր քաջություն եւ անձնական նվիրվածություն է ցուցաբերել` պաշտպանելով լայն շրջանակի իրավունքներ եւ տրամադրելով խոսքի ազատության իրացման բաց հարթակ յուրաքանչյուրին` անկախ քաղաքական, ազգային, սոցիալական կամ կրոնական համոզմունքներից», - ասել է Օլեքսանդր Պավլյուկը

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը Իրավունքի Եվրոպա Միավորմանը հանձնել է «քաղաքացիական ակտիվիզմ» մրցանակը: Իր խոսքում դեսպանը նշել է. «Այս տարվա քաղաքացիական ակտիվության մրցանակի հաղթողները՝ Իրավունքի Եվրոպա Միավորումը, ցույց է տվել, որ մեր քվեարկելու իրավունքը պաշտպանելու կարեւոր գործիքներից մեկը հենց իրավական համակարգն է: Այն պահանջում է արհեստավարժ ու քրտնաջան աշխատանք՝ օրենքի առաջնակարգ իմացությամբ, եւ երիտասարդ իրավաբանների այս խումբը ցույց է տվել, որ նրանք ունեն վճռականություն փոփոխություն անելու»:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան  Սիվիլնեթին է հանձնել «մեդիա գերազանցության» մրցանակը: «Սիվիլիթասը փոխեց եւ բարելավեց Հայաստանի մեդիա հարթակը: Տրամադրելով բովանդակալից նորություններ, օգտագործելով սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները եւ մոբիլիզացնելով երիտասարդ տեղական, ինչպես նաեւ սփյուռքի լրագրողներին՝ Սիվիլնեթը   բարձր չափանիշ սահմանեց Հայաստանի լրատվամիջոցների համար», - ասել է Հոֆսթրան:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին հանձնեց խիզախ կին մրցանակը: «Նաիրան ցուցաբերել է հսկայական քաջություն` նպաստելով իր համայնքի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացմանը: Նա իսկապես ոգեշնչման աղբյուր է, եւ ես հպարտ եմ պարգեւատրելու մեկին, ով մարմնավորում է այն պարտավորությունների ոգին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն»,-ասել է դեսպան Սորոկինը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնել է տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգեւը: «Համայնքները Հայաստանի հասարակության կարեւոր օղակն են եւ դրական տեղաշարժերի օջախ դառնալու ներուժ ունեն: Պ-ն Վարոսյանն իր գործունեությամբ թափանցիկ ու ներառական տեղական ինքնակառավարումը խթանող առաջնորդի վառ օրինակ է», - ասել է դեսպան Հրիսթեան: