Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի քարանձավներում ապրող «հրեշ-ուրվականին» դեռ չեն հայտնաբերել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ջրաշենցիները հայտնեցին, որ մեծ քանակությամբ ոստիկանները եւ գյուղացիները օրուգիշեր հերթապահում են քարաձավների մոտ, սակայն դեռ չի հաջողվել նրան բռնել: Աղմուկ բարձրանալուց եւ հերթապահելուց հետո «հրեշ-ուրվականը» այլեւս գյուղացիներին չի ահաբեկում, դրանից հետո նրան տեսնող չի եղել:

Նրանց փոխանցմամբ` գյուղացիներին ահաբեկած «հրեշը» 37-ամյա Արամ Ստեփանյանն է, Արարատի մարզի Դարակերտ գյուղից: Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտվանից գյուղում նման տեղեկություններ են տարածվել, բոլորն այդ մասին են ասում: Նա պատմեց, որ Արամ Ստեփանյանը փետրվարի 10-ից տնից դուրս է եկել եւ այլեւս չկա: Ընտանիքը դիմել է ոստիկանություն, հերթապահություն են իրականացրել Արարատի, Աշտարակի գյուղերում, սակայն չեն հայտնաբերել մինչեւ հիմա: Արամ Ստեփանյանը ամուսնացած է, ունի երկու որդի` 10-12տ, ծնողներն եւ հարազատները գտնվում են արտերկրում: Գյուղապետը պատմեց նաեւ, որ Արամ Ստեփանյանը անասնապահությամբ է զբաղվում, «իրենց հալալ քրտինքով ապրող խելոք ընտանիք է»: «Ես հոգեկան շեղումների մասին տեղեկություն չունեմ, մի քիչ տարօրինակություն միշտ եղել է երեխա ժամանակվանից: Ինքնամփոփ է եղել, ոչ մեկին հետ չի շփվել, բայց բացարձակապես անվնաս, ոչ մեկին չի նեղացրել, ինքը գլուխը կախ իր դաշտին, իր անասուններին»,- ասաց Ղուկաս Սիմոնյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում  մոտ մեկ շաբաթ է` «հրեշ-ուրվական» է հայտնվել: Նա գյուղում հայտնվում է մութն ընկնելուն պես, զինված չէ, գյուղացիներին ահաբեկում է քարերով ապակիներին, տանիքներին հարվածելով, դեռեւս որեւէ վնաս չի տվել ոչ ջրաշենցիներին, ոչ էլ նրանց գույքին, պարզապես վախեցնում է ժողովրդին: Գյուղապետը մի անգամ նույնիսկ հանդիպել է «հրեշ-ուրվականի» հետ, 10 մետր հեռավորությամբ զրուցել են, վերջինս միայն հայհոյում էր, եւ ասում, թե «չմոտենաք, կխփեմ»: Այդ ժամանակ նրան չի հաջողվել բռնել տղամարդուն, քանի որ մինչեւ զանգել են եւ գյուղացիները հավաքվել են, նա փախել է: «Հրեշ-ուրվականի» կեցավայրը գյուղում գտնվող սարի վրա է` քարանձավներում, որտեղ գյուղացիները հերթապահում են, որպեսզի բռնեն: «Մի քարանձավ չէ, շատ են, 50-100 հատ, ամբողջ գիշեր ման ենք եկել, չեն կարողացել գտնել»,- ասաց Խաչատուր Դավթյանը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում էր խուճապ։ Գյուղացիները պատմում էին ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել էր, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ: Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի: