Սան Պաուլու եւ Ռիո դը Ժանեյրո քաղաքների իշխանությունները հասարակական տրանսպորտի ուղեվարձը նվազեցնելու վերաբերյալ որոշում են ընդունել, որի նախնական բարձրացման հետեւանքով բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել:

Ըստ Agence France-Presse-ի` երկրի երկու խոշոր քաղաքներում սակագները կնվազեն  0,2 ռեալով՝ վերականգնելով նախկին չափը:
Reuters-ը գրում է, որ սակագների նվազեցումը զգալի հաջողություն է, սակայն պարզ չէ` կնվազի արդյոք բողոքի աշխուժությունը, քանի որ ցուցարարներն այլ պահանջներ էլ ունեն:

Մի քանի օր առաջ սակագների իջեցման մասին  հայտնել էին Բրազիալիայի մի շարք այլ քաղաքների քաղաքապետարանները, այդ թվում` Պորտու Ալեգրիի եւ Ռեսիֆեի, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ տրանսպորտի սակագների բարձրացման վերաբերյալ հենց Սան Պաուլուի քաղաքապետարանի որոշումն էր հանգեցրել բողոքի ցույցերի: Ավելի ուշ ցույցերը տարածվել էին Բրազիլիայի տասնյակ խոշոր քաղաքներում:  Մասնակիցները  սկսել էին նաեւ այլ կոչեր հնչեցնել` բողոքելով կոռուպցիայի, ոստիկանական  կամայականության եւ երկրում ընդհանուր վիճակի դեմ: Ցուցարարները դժգոհություն են հայտնում նաեւ Բրազիլիայում խոշոր մարզական միջոցառումներ անցկացնելու ծախսերի առթիվ, մասնավորապես` ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի: