Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը միջին եւ մեծ բիզնեսի վարկավորման համար «Ամերիաբանկին» 10 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել։
Ինչպես հայտնել է տնօրինության նախագահ, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, մինչեւ ընթացիկ տարվա վերջ «Ամերիաբանկը» մտադիր է 80 մլն դոլարով մեծացնել վարկային պորտֆելի ծավալները։ Նա ընդգծել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ «Ամերիաբանկի» համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ մոտ ժամանակներս Եվրոբանկի հետ երկու նոր վարկային համաձայնագրեր կկնքվեն։
Հայազգի գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով Ռուսաստանից ժամանել է համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու համար, նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը ամենակայունն է ԱՊՀ տարածքում։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ տնտեսական աճ է սպասվում Հայաստանում ընթացիկ տարում, գործարարը նշել է, որ հետճգնաժամային շրջանում որոշակի խնդիրներ կնկատվեն։
Խոսելով «Տրոյկա դիալոգի» ակցիաների փաթեթի մի մասի վաճառքի մասին՝ Վարդանյանը նշել է, որ ընկերությունը խորհրդային Քաբյուրո չէ, որտեղից դուրս էին գալիս միայն «ոտքերը մեկնած»։
Գործարարի խոսքով, ընկերությունը ներկայումս սպասարկում է բազմաթիվ հարուստ հաճախորդների եւ առաջիններից է ԱՊՀ-ում։



























