Ռիգայի ամրոցում, որտեղ գտնվում է Լատվիայի նախագահական նստավայրը, հինգ ժամ շարունակված հրդեհը հաջողվել է մարել: Ամրոցը լուրջ վնասներ է կրել: Հրդեհը ոչնչացրել է ամրոցի մակերեսի ավելի քան 3200 քկմ-ն:
Ըստ Պետական հրշեջ-փրկարարական ծառայության պետ Վիկտորյա Շեմբելեի՝ ամենից շատ վնասվել է տանիքը, այրվել է 2.4 քկմ տարածք: Չորրորդ հարկում ոչնչացել է 600 քկմ տարածք, երրորդ հարկում՝ 200 քկմ:
Մասնագետներին մտահոգում է Լատվիայի ազգային պատմական թանգարանի ցուցանմուշների ճակատագիրը, հայտնում է DELFI-ն:
Ռիգայի ամրոցն ապահովագրված է 27,3 մլն լատով (մոտ 54 մլն դոլար), ըստ ապահովագրական ընկերության ներկայացուցչի՝ հրդեհն ապահովագրական դեպք էր, եւ ապահովագրողը պարտավոր է վերականգնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հունիսի 21-ին այցելել է Ռիգայի ամրոց եւ կատարվածը ազգային աղետ անվանել, հայտնում է fontanka.ru-ն:
Ռիգայի ամրոցի պատմությունը սկիզբ է առնում XIV դարի 40-ականներից, երբ կառուցվեց Լիվոնյան օրդենի առաջին ամրոցը՝ մագիստրոսի նստավայրը: Ներկայումս ամրոցում տեղակայված էին նախագահի նստավայրը, Լատվիայի ազգային պատմական թանգարանը եւ բանահյուսության թանգարանը:




























