Սիցիլիայում եպիսկոպոս Անտոնիո Ռասպանտին նախապատրաստել է դեկրետ, որով արգելվում է Աչիրեալե թեմի տարածքում իրականացնել մաֆիայի հետ կապեր ունեցող անձանց եկեղեցական հուղակավորման ծես: Այս մասին հաղորդում է KAI գործակալությունը:
Դեկրետը կստորագրվի շաբաթ օրը` Իտալիայի արդարադատության նախարար Աննա Մարիա Կանչելյերիի ներկայությամբ: Թեմի կողմից հրապարակված հատուկ հայտարարությունում նշվում է, որ սա կարեւոր քայլ կլինի Կաթոլիկ եկեղեցու` մաֆիայի դեմ մղվող պայքարում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը եւ նրան հաջորդած նոր պապը եւս կոչ են անում ակտիվորեն պայքարել մաֆիայի գործունեության դեմ: Վատիկանում պնդում են, որ Ավետարանն ու մաֆիան անհամատեղելի են: Նշվում է, որ բազմաթիվ մաֆիոզ խմբավորումներ, որոնք ներկայանում են որպես կաթոլիկներ, իրականում հակաքրիստոնեական ուժերի ներկայացուցիչներ են:
Վատիկանում մաֆիան կոչում են «հասարակության քաղցկեղ» եւ դրա նկատմամբ անհանդուրժողականության կոչ են անում:




























