Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան արգելափակել է ֆեմինիստական FEMEN շարժման էջերը: Այս մասին հաղորդում է շարժման կայքը:

Facebook-ը հունիսի 23-ին արգելափակել է FEMEN-ի հիմնական էջը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ շարժման ֆրանսիական ներկայացուցչության էջը:

Որպես արգելափակման պատճառ, սոցցանցի ադմինիստրացիան նշել է «սեռական ծառայություններ առաջարկող մերկ մարմնի պատկերներ պարունակող նյութերի առկայությունը»:

FEMEN-ում հայտարարել են, որ բողոքարկել են իրենց էջերի փակման որոշումը: Շարժման ներկայացուցիչները համարում են, որ Facebook-ում իրենց էջերի արգելափակումը «տարբեր ռեակցիոն խմբավորումների կողմից FEMEN-ի դեմ սանձազերծված ինտերնետ-պատերազմի տրամաբանական շարունակությունն է»: Շարժման հեռացված էջում գրանցված էին 170 հազար օգտատերերի, գրում է Lenta.ru-ն:

FEMEN շարժումը հայտնի է իր քաղաքական թոփլես ակցիաներով: Սովորաբար կիսամերկ աղջիկները իրենց մարմնի վրա կարգախոսներ են գրում՝ կազմակերպած ակցիայի բովանդակությանը համահունչ: