ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած սիրային կապի շնորհիվ հայտնի դարձած Մոնիկա Լեւինսկիի անձնական իրերը աճուրդի են հանվել: Nate D. Sanders աճուրդի տանը կվաճառվեն Լեւինսկիի հագուստները, այդ թվում՝ ներքնաշորերը: Առցանց աճուրդը կեզրափակվի հունիսի 27-ին:

«ՌԻԱ Նովոստին» Daily Mail-ը վկայակոչելով գրում է, որ Լեւինսկիի իրերի թվում ութ ամենօրյա հագուստ, այդ թվում՝ վերնաշապիկներ ու կոստյումներ կան, ինչպես նաեւ՝ գիշերազգեստ: Դրանից բացի, վաճառվում են Քլինթոնի ինքնագրով նկարները եւ շնորհավորական բացիկները: Հավաքածուն մեկ լոտով է ներկայացվում, նախնական գինը 2.5 հազար դոլար է:

Այս պահի դրությամբ առցանց աճուրդի մասնակիցները երկու անգամ են սակարկել՝ հավաքածուի գինը 2,75 հազար դոլարի հասցնելով: Աճուրդի տան ներկայացուցիչներն ակնկալում են, որ հավաքածուի վերջնական արժեքը  250-500 հազար դոլար կկազմի:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ Բիլ Քլինթոնի եւ Մոնիկա Լեւինսկիի սիրային կապը սկսվել է1996թ., երբ վերջինս Սպիտակ տանը ստաժոր էր: Այս փաստի բացահայտումն ԱՄՆ-ում հսկայական սկանդալի առիթ էր դարձել, որը քիչ էր մնում նախագահի հրաժարականի պատճառ դառնար: