Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Հայկական առեւտրային ցանցի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայկական առեւտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը: Բացմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Հայկական առեւտրային ցանցի (ՀԱՑ) նախագահ Վահրամ Փիրջանյանը եւ Հրաչ Գասպարը Կանադայից, փոխնախագահ Ժակ Ավդոյանը ֆրանսիայից, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի,  Ավստրալիաի, Բելգիայի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի,  Արգենտինայի,  Իտալիայի եւ Իսպանիայի առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցում էր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Հայկական առեւտրային ցանցի առաջին համաժողովը տեղի է ունեցել  Երեւանում, երկրորդը՝ Փարիզում:

ՀՀ սփուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ներկայացրել է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, վերջին տարիների փոփոխությունները, միջազգային գնահատականները ներդրումային միջավայրի, օրենսդրական փոփոխություների եւ «Դուինգ բիզնեսի» գնահատականների, ինչպես նաեւ Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին: Նախարարն ընդգծել է առեւտրաարդյունաբերական պալատների կողմից նեդրումների խրախուսման, դրանց ավելացման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության եւ արտագաղթի կրճատմանն ուղղված քայլերին հայ բիզնեսմեների ակտիվ մասնակցության կարեւորությունը:

Հրանուշ Հակոբյանը առաջարկել է հաջորդ տարի չորրորդ համաժողովը կազմակերպել Հայաստանում, ապա աշխատանքները շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Ֆրանս-Հայկական գերազանցության շաբաթվա շրջանակում ներկայացվել են Երեւան քաղաքի, ՀՀ Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերի զարգացման ծրագրերը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու Հայաստանում հաջողության հասնելու նախապայմանները: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը վերջին տարիներին ունեցել է աննախադեպ առաջընթաց, որի հիմնական երաշխիքը որակյալ մասնագետներն են, պետության աջակցությունը:

«Կիլիկիա» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել է իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը եւ ոլորտի շուկայական հնարավորություններն ու առկա խնդիրները: Իր խոսքում նա կարեւորել է հայ գործարարների ներդրումները Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հետագա առաջընթացի ապահովման գործում:

Հայկական առեւտրային ցանցի անդամների որոշմամբ հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Համաժողովը շարունակել է իր աշխատանքները մինչեւ հունիսի 24-ը: