Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան այցի շրջանակներում, այսօր՝ հունիսի 25-ին, տեղի կունենա հայ-լեհական գործարար համաժողով: Համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) Միությունը:
Ելույթներով հանդես կգան Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Տոմաշ Տոմչիկեւիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը:
Հայկական շուկա մուտք գործելու պայմանների վերաբերյալ շնորհանդեսը կներկայացնի ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը: Ձեռնարկության Զարգացման լեհական գործակալության կողմից կներկայացվի Լեհաստանում առկա արտահանման աջակցման գործիքները, ինչպես նաեւ ներդրումային պայմանները լեհական շուկայում:
Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Համաժողովին Հայաստանից մասնակցում են արդյունաբերության տարբեր ոլորտ ներկայացնող 19 ընկերություն՝ ապահովագրություն, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա, մետաղյա կառուցվածքներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, տուրիզմ, առեւտուր եւ ներմուծում, կրթություն, շինարարություն, բեռնափոխադրումներ:
2012թ. Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար եւ ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին եւ ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ եւ փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ եւ այլն:
ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:




























