Հայաստանի համար էական է առեւտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվար է բավարար կոչել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում:

«Այսօր մենք նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ եւ բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում եւ նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ իրենք անդրադարձել են 2011թ. Լեհաստանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ «Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության եւ հանձնառության մասին»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միեւնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են»:

Հայաստանի նախագահը չթաքցրեց իր հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է եւ ուսանելի:

Հայաստանի համար էական է առեւտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստան-Լեհաստան առեւտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:

Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, եւ պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը եւ անշեղ իրականացնողը, աջակիցը նաեւ Լեհաստանն է»,- ասել է Սարգսյանը: