Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի պուրակներից մեկն անվանակոչվել է «Հայկական պուրակ»: Անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցել էն նաեւ Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատվիրակության մյուս անդամները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկեւիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել «Հայկական պուրակ» գրառումով ցուցատախտակը:
Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ եւ լեհ ժողովուրդներից:
Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն եւ, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:





























