Ոչ մի երաշխիք չկա, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը կմտնի լիագումար նիստի օրակարգ։ Այսօր` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Սակայն նա նաեւ կարծիք է հայտնել, որ այս անգամ դրա հավանականությունը մի փոքր ավելի մեծ է։

Կ. Մանոյանը տեղեկացրել է, որ եթե նշված բանաձեւն ընդգրկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում, ապա դա պետք է քննարկվի մինչեւ 2011 թվականը, քանի որ այդ ժամանակ ավարտվում է այս նստաշրջանը:

Այնուհետեւ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է այս բանաձեւի ընդունումն ազդել Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի ելույթում ցեղասպանություն բառն օգտագործել-չօգտագործելու առումով, Կ. Մանոյանը պատասխանել է, որ այս բանաձեւը իրավական արժեք չունի եւ չարտավորեցնող չէ:

«Այս բանաձեւի արժեքը բացառապես քաղաքական է, և քաղաքական արժեքը որոշում են կողմերը։ Եթե Թուրքիան հանկարծ մի օր ասի, որ չեմ տեսնում՝ ինչ եք անում, այս բանաձևն այլևս քաղաքական արժեք էլ չի ունենա: Օբաման բանաձևի սպասելու անհրաժեշտություն չունի, որպեսզի ասի։ Անցած տարի էլ պատճառը հայ-թուրքական բանակցությունները չէին, այս տարի էլ, եթե Օբաման չօգտագործի, էլի պատճառը հայ-թուրքական բանակցությունները չեն լինի։ Ստացվում է, որ Օբաման բոլոր իր նախորդ նախագահներին քննադատում էր, որ Ամերիկային պետք է մի նախագահ, ով ճիշտը կխոսի։ Բոլորին քննադատում էր, բայց հիմա ինքը նույնն է անում»,- ընդգծել է դաշնակցական գործիչն ու հավելել. «Բայց, ի տարբերություն մյուսների, չի ասում, որ գիտե՞ք, վախենում ենք. սպառնում են թուրքերը մեր շահերին, այլ ասում են՝ իրենք խոսում են իրար հետ, չխանգարենք։ Սա պատրվակ է։ Եթե չունենա այդ պատրվակը, ինքը կդժվարանա արդարանալու, թե ինչու չի ասում, և այս պատրվակն է, որ պետք է իր և մնացածի ձեռքից վերցվի, որովհետև նույն պատրվակը սկսել է տալ նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը»: