Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչույթունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն իր ուղերձում մասնավորապես նշել է.

«Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, երկիրը ղեկավարել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկում: Արձինբայի ղեկավարությամբ Աբխազիան արժանապատվորեն հաղթահարել է բոլոր դժվարությունները եւ ամուր կանգնել իր պետականության հետագա ամրապնդման ուղու վրա»:

Ըստ Սահակյանի՝ «Վլադիսլավ Գրիգորիի Արձինբային գիտեն Աբխազիայի սահմաններից դուրս: Արցախում նրա հանդեպ տածում են ջերմ զգացմունքներ եւ խորին հարգանք»:

Հիշեցնենք, որ Արձինբան Աբխազիան ղեկավարել է 1994-2004թ.թ.: Նա մահացել է մարտի 4-ին՝ տեւական հիվանդությունից հետո: