Այսօր` հունիսի 27-ին, լրանում է հայկական Աստվածամոր սրբապատկերի տոնի սահմանման 222-ամյակը, գրում է Analitika.at.ua-ն:

Կամենց-Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայի հայերի հոգեւոր ժառանգության ամենամեծարվող արժեքներից է: Սրբապատկերը գտնվում է Կիեւի Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանում:

Հայտնի է, որ սրբապատկերը հավասարապես պաշտելի է եղել հայերի, լեհերի եւ ռուսինների համար:

Լեհ հետազոտող Յացեկ Խժոնչեւսկին պատմում է, որ սրբապատկերը Ղրիմ է բերվել Բագրատունիների Անի մայրաքաղաքից 10-րդ դարում: Ըստ ավանդության, թուրքական արշավանքներից մեկի ժամանակ սրբապատկերն ընկել է բարբարոսների ձեռքը եւ տարվել Մակեդոնիա: Այն պատահաբար տեսել են հայ առեւտրականներն ու այն ետ վերադարձրել տաճար:

1920-ական թվականներին տաճարի սնանկացումից մինչ օրս սրբապատկերն անհետացած է համարվում: