Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ԱՄՆ-ում տարվում է պարզ հաշվարկի. համարժե՞ք է արդյոք Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի հանդեպ հարգանքը Թուրքիայի հետ փչացած հարաբերություններին։ Այսպիսի հարց է տալիս Тhe Times թերթը՝ վերլուծելով նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը։

«Անկարան զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ Ցեղասպանության ճանաչումը լուրջ վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին։ Որպես ՆԱՏՕ-ին անդամակցող միակ մահմեդական երկիր, Թուրքիան շատ խաղաքարտեր ունի, եթե հաշվի առնենք ամերիկյան ռազմակայանի առկայությունը Ինջիրլիքում եւ Թուրքիայի մասնակցությունը ԱՄՆ հիմնական պաշտպանական նախագծերին»,- գրում է թերթը։ Թուրքիայի՝ իր նատօյական դաշնակիցներին սպառնալուն զուգահեռ՝ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի ջերմ են դառնում՝ չնայած նրան, որ Մոսկվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է թերթը. «Պրագմատիզմը, որ ի հայտ է բերում Թուրքիան՝ ջանալով ավելի մերձենալ գազի իր հիմանական մատակարարի հետ, գերակշռում է ԱՄՆ-ի հանդեպ նրա ջղային խոսքերին»,- ասվում է հրապարակման մեջ։

Այնուհետեւ Тhe Times-ը նշում է, որ Մեծ Բրիտանիան, չնայած անհերքելի ապացույցների, եւս բավարար կամք չի դրսեւորում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Որպես օրինակ՝ թերթը բերում է արտգործնախարարությունից Ջեֆրի Ռոբերտսոնի ոչ վաղ անցյալի ուսումնասիրությունները. «Վախենալով բարկացնել Թուրքիային՝ կառավարությունը թույլ չի տալիս Հայոց ցեղասպանության մասին հիշել անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը»,- գրում է Тhe Times-ը։

«Փոխհատուցման հարցը վիճահարույց է դառնալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Սակայն Ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց միլիոնավոր հետնորդների համար ամենաարժեքավոր փոխհատուցումը կլինի նրանց տանջանքների խոստովանությունը եւ ներողություն խնդրելը»,- գրում է Тhe Times-ը։