Շվեյցարացի դիրիժոր, Լյուցերնի օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալ Միքայել Վենդեբերգը բարձրացել է Արագած լեռը: Այս մասին հաղորդում է Aravot.am կայքը:
Քառագագաթ Արագածի ամենացածր՝ հարավային գագաթը, որը 3879 մ է, Վենդեբերգը հաղթահարել է օպերային թատրոնի երաժիշտներ, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի եւ Վիգեն Հարությունյանի ընկերակցությամբ: Նա հայտնել է, որ Հայկական լեռնաշխարհը լավ է ուսումնասիրել, քանի որ ժամանակին, երբ Շմավոն Գրիգորյանը ուսանում էր Ցյուրիխի արվեստի ինստիտուտում, մտերմացել էին, մի քանի նախագծեր իրականացրել եւ ինքը Երեւանի օպերային թատրոնում է դարձյալ Շմավոնի շնորհիվ, ում միջոցով էլ շուրջ մեկ տարի նամակագրական-ստեղծագործական կապերի մեջ է եղել Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ:
Դիրիժորը նշել է, որ զբաղվում է լեռնագնացությամբ, եթե տվյալ երկրի բնաշխարհն իրեն ձգում է: Հետո էլ հավելել է. «Ես պատրաստ էի բարձրանալ Արագածի ամենաբարձր՝ հյուսիսային գագաթը՝ 4090 մ, սակայն կայանալիք համերգի առիթով նվագախմբի հետ փորձերի հանդեպ պատասխանատվությունս ինձ հետ պահեց: Արագածից ստացած բավականությունս կարող եմ համեմատել դեպի Ալպեր վերելքի հետ…»:





























