Հանչժոուում գտնվող «Հին Լյանչժու քաղաք» հնագիտական համալիրն այն վայրն է, որտեղ սկզբնավորվել է չինական քաղաքակրթությունը, այն ավելի քան հինգ հազար տարեկան է։ NEWS.am-ի թղթակիցն այցելել է պեղումների վայր և համալիրի թանգարան, որտեղ այսօր զարմանալիորեն միահյուսվում են հնության խորությունն ու ապագայի տեխնոլոգիաները։
Լյանչժուի թանգարանում պատմության հետ ծանոթությունը սկսվում է իսկական ինտերակտիվ փորձառությամբ. այցելուներին տրամադրում են լրացված իրականության խելացի ակնոցներ։ Բավական է պարզապես նայել ցուցանմուշին, որպեսզի համակարգն ակնթարթորեն մանրամասն տեղեկություններ տրամադրի դրա պատմության, առանձնահատկությունների և պատրաստման տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև հենց դիտման ընթացքում պատասխանի ծագող հարցերին։


Թանգարանի գլխավոր արտեֆակտներից են նեֆրիտից պատրաստված հռչակավոր հնագույն իրերը։ Պեղումների ընթացքում հնագետները պարզել են, որ նեֆրիտե առարկաները, ինչպիսին են ցզուն գլաններն ու բի սկավառակները, պարզապես զարդեր կամ պաշտամունքային առարկաներ չէին, այլ հինգ հազար տարի առաջվա հասարակության մեջ մարդու կարգավիճակի, իշխանության և բարձր դիրքի գլխավոր խորհրդանիշները։ Գերեզմանատեղիներում դրանց որակով ու քանակով կարելի է հստակ որոշել այն ժամանակվա սոցիալական աստիճանակարգությունը։



ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագիտական գոտին գտնվում է հենց լայնածավալ պեղումների վայրում։ Այստեղ՝ բաց երկնքի տակ, պահպանվում են հնագույն քաղաքատեղիի եզակի հատվածներ՝ պալատական գոտու, վիթխարի քաղաքային պարիսպների և այդ ժամանակաշրջանի ամենախոշոր արտաքին ջրամատակարարման համակարգի մնացորդները։ Սա Յանցզիի ստորին հոսանքում հայտնաբերված առաջին վաղ պետությունն է, որի մասշտաբն ու կառուցվածքը կարելի է գնահատել հենց տեղում։



Դիանա Առուշանյան, Հանչժոու





























