Bugatti Rimac-ի ղեկավար Մատե Ռիմացը սոցցանցերում պատմել է Խորվաթիայում ընկերության տարածքից իր Bugatti Chiron Sport-ի առևանգման մասին։ Մոտ 3 մլն եվրո արժողությամբ հիպերմեքենան գողացել է 36-ամյա մի տղամարդ, որը, Ռիմացի խոսքով, ձեռնարկություն էր եկել աշխատանք փնտրելու, հաղորդել է Autoevolution-ը։ Սեփականատերը հիպերմեքենան որոնելու է գնացել Porsche 911-ով, իսկ այն գտնելու գործողությանը մասնակցել է երեք երկրի ոստիկանություն։

Ռիմացը խոստովանել է, որ սովորաբար չի կողպել իր մեքենաները և բանալիները թողել է սրահում։ Ընկերության՝ Խորվաթիայի Սվետա Նեդելյա քաղաքում գտնվող ձեռնարկության տարածքը ցանկապատված չէ, և այցելուները կարող են ազատ մուտք գործել այնտեղ։ Բացի այդ, աշխատակիցները պարբերաբար ղեկավարի մեքենաները վերցնում են փորձարկումների և ուղևորությունների համար, ուստի բանալիները մեքենայի ներսում թողնելը հարմար էր։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ Անհայտ տղամարդը նկատել է կայանված Chiron Sport-ը և դրանով հեռացել։ Աշխատակիցները նախ ընդհանուր զրուցարանում փորձել են պարզել՝ արդյոք գործընկերներից որևէ մեկը չի վերցրել մեքենան, ապա հասկացել են, որ այն առևանգել են։ Մեքենայի տեղաշարժին հետևելուն օգնել է ներկառուցված հեռաչափական համակարգը․ ինժեներները ստանում էին մեքենայի կոորդինատների, արագության և վառելիքի մակարդակի մասին տվյալներն ու փոխանցում ոստիկանությանը։

Առևանգողը մոտ մեկ ժամով առաջ էր անցել։ Նա շարժվել է Սլովենիայի ուղղությամբ, ապա հատել Ավստրիայի սահմանը։ Այդ ընթացքում Ռիմացը Porsche 911-ով ճանապարհ է ընկել նրա հետևից։ Առևանգողը կանգ է առել բենզալցակայանում, լցրել բաքի մոտ կեսը և շարունակել ճանապարհը՝ չվճարելով վառելիքի համար։ Որոնումներին մասնակցել են Խորվաթիայի, Սլովենիայի և Ավստրիայի իրավապահ մարմինները։ Ի վերջո, Ավստրիայի ոստիկանությունը Chiron-ը կանգնեցրել է բենզալցակայանում, Գրացից ոչ հեռու։

Մեքենայի հայտնաբերումից հետո այն տեղափոխել են էվակուատորով։ Ռիմացի խոսքով՝ տեղում եղել է մոտ 10 ոստիկանական մեքենա։ Ինքը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում՝ հաստատելով հիպերմեքենայի նկատմամբ իր սեփականության իրավունքը։ Ավելի ուշ Bugatti Rimac-ի ղեկավարը հանդիպել է կասկածյալին և հայտնել, որ տղամարդու ծանր անցյալի պատճառով կարեկցանք է զգացել նրա հանդեպ։ Ռիմացը որոշել է հայտարարություն չներկայացնել, սակայն դա չի բացառում հնարավոր քրեական հետապնդումը։

Bugatti Chiron Sport-ի թափքն աննշան վնասվածքներ է ստացել, որոնք, Ռիմացի գնահատմամբ, հնարավոր է վերացնել։ Դեպքից հետո ընկերության ղեկավարը խոստացել է այլևս բանալիները չթողնել մեքենաներում։