Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մաքուր է արդարադատության առջեւ. Դատախազությունն այլեւս նրան հարցեր չունի այսպես կոչված «Բետանկուրի գործով»: Բորդո քաղաքի դատախազը պահանջել է դադարեցնել հետաքննությունը եւ Սարկոզիի վրայից հանել այդ գործով հետաքննվողի կարգավիճակը:

«Բետանկուրի գործով»  մի քանի տասնյակ մարդիկ են անցնում, այդ թվում անձամբ Լիլիան Բետանկուրը եւ նրա անձնական բժիշկը: Նիկոլա Սարկոզիին կասկածում էին, որ նա ցանկանում էր օգտվելով իր հանդեպ L`Oreal կայսրության ծեր ժառանգորդուհու վստահությունից, օգտվել նրա կարողությունից, գրում է Vesti.ru-ն:

Դատախազությունը ցանկանում է դադարեցնել հետապնդումը նաեւ Սարկոզիի դաշնակից, Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Էրիկ Վերտի նկատմամբ: Սակայն դատական հետապնդման դադարեցման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի դատական կոլեգիան՝ դատաքննիչ Ժան Միշել Ժանտիլի գլխավորությամբ: Դատարանը կարող է չհամաձայնել դատախազի եզրակացությունների հետ: