Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացի հետ կապված ներկա իրավիճակը հետեւյալն է. բանակցությունները կձգձգվեն, բայց ոչ երկար ժամանակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արեւմտյան Անգլիայի Բրիսթոլ քաղաքի ինստիտուտի եվրոպական քաղաքականության հարցերով զբաղվող պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը, ով դասախոսություններ է կարդացել Երեւանի պետհամալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնում:

Նրա խոսքով՝ այս ամիս կողմերն արդեն պետք է սկսեին բանակցությունները տարածաշրջանային քաղաքականության հետ կապված, սակայն Գերմանիայի առաջարկով դրանք հետաձգվել են:

Անդրադառնալով Գերմանիայի այդ դիրքորոշմանը, Գյունթեր Բալցենբախը նշեց, որ դա պայմանավորված է Թուրքիայում հակակառավարական բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելով, թեեւ ԵՄ անդամ երկիրն պաշտոնապես հայտարարում է, ցանկանում է սպասել եւ առաջընթաց տեսնել Թուրքիայում:

«Բանակցությունների այս փուլը կհետաձգվի առնվազն մի քանի ամսով, մինչեւ Գերմանիայում համընդհանուր ընտրությունների անցկացումը»,-ասաց պրոֆեսորը՝ ընդգծելով, որ այստեղ խոսքը երկակի ահազանգի մասին է. 1) Թուրքիայի իշխանությունները չպետք է գործ ունենան ներքին ապստամբության հետ, ԵՄ-ին դա չի բավարարում, 2) միաժամանակ, եթե Թուրքիայում տեղի ունենան դրական զարգացումներ քաղաքացիական հասարակության ոլորտում, դա կստանա ԵՄ-ի աջակցությունը: Գյունթեր Վալցենբախը կարծիք հայտնեց, որ այդ ամենը չպետք է ընկալել որպես վերջին խոսք:

Նրա խոսքով՝ Գերմանիայի ներսում կան տարբեր տեսակետներ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում: «Իշխող կոալիցիայի տեսանկյունից վերջին իրադարձություններն անհրաժեշտ է քննարկել որպես հաստատում, որ Թուրքիան «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ կստանա, այլ ոչ՝ լիիրավ անդամի: