Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ճանաչվել են որպես գերիշխող դիրք գրավողներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը:

Գերիշխող դիրք գրավողներ գրանցվել են հիմնականում դեղերի, վառելիքի, կաթնամթերքի շուկայում: Ըստ Լ. Մնացականյանի՝ ԼՂՀ-ում գերիշխող դիրքի գրավումն այնքան արտահայտված չէ, ինչպես Հայաստանում, քանի որ փոքր շուկա է: Այնուամենայնիվ՝ պարբերաբար կատարում են ուսումնասիրություններ՝ գերիշխող դիրքի չարաշահումներ թույլ չտալու համար:

Լ Մնացականյանի տեղեկացմաբ՝ ԼՂՀ-ում մրցակցային ոլորտում ավելի շատ հանդիպում են ոչ թե գերիշխող դիրքի չարաշահումներ, այլ անբարեխիղճ մրցակցություն, սպառողների մոլորեցում; Վերջին շրջանում հանձնաժողովի հարուցած վարույթները դրան են վերաբերում՝ դեղերի, կաթնամթերքի շուկայում ժամկետների, մակնշումների խախտումներ, դեղերի շուկայում՝ գնագոյացման խնդիրներ: «Ստեղծել ենք առանձին աշխատանքային խումբ, որը զբաղվում է դեղերի շուկայում ուսումնասիրություններով: Հայաստանում այդ շուկան եւս խնդրահարույց է, ցանկանում ենք թույլ չտալ, որ այստեղ էլ նմանատիպ խնդիրներ ծագեն»,- ասաց Լ. Մնացականյանը: