«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մեկ արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է բուսական յուղի առկայության մասին տեղեկատվություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սննդի անվտանգության պետական ծառայությունից: Ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի N372-Ա հրամանի համաձայն «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացվում են ստուգումներ:
Անդրադառնալով վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին՝ պաղպաղակի շուկայում առկա խախտումների վերաբերյալ, ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ կառավարության «Կաթին կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկակական կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ կարգավորվում է պաղպաղակի արտադրությանը ներկայացվող պահանջները եւ հասկացությունների բաժնում հստակ տրված են կաթնաբուսականեւկաթնային հիմքով պաղպաղակների ձևակերպումները:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ բուսական յուղի առկայությունը որպես անվտանգության ցուցանիշ դիտարկել չի կարելի: Եվ քանի որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար եւ ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու եւ սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի եւ առողջության համար, ինչպես նաև շուկայից հետկանչման ենթակա է միայն վտանգավոր ճանաչված սննդամթերքը, հետևաբար՝ պաղպաղակը, որում օգտագործված է օրենսդրորեն սահմանված տեսակիեւքանակությամբ բուսական յուղ, շուկայից հետկանչման ենթակա չէ:
Նշենք նաև, որ հունիսի 12–ին Ծառայություն է դիմել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը եւ խնդրել իրենց օգնել՝ իրականացնել շուկայահանված պաղպաղակի նմուշառում՝ հետագայում իրենց կողմից լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար,եւ Ծառայությանը լաբորատոր փորձաքննության արձանագրությունները ներկայացվել են հունիսի 25-ին:
«Ուսումնասիրելով նմուշառված արտադրատեսակների մակնշումը եւ համադրելով լաբորատոր փորձաքննության արձանագրությունների հետ՝ միայն «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մեկ արտադրատեսակի մակնշման մեջ է բացակայել բուսական յուղի առկայության մասին տեղեկատվություն: Ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի N372-Ա հրամանի համաձայն «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացվում են ստուգումներ:Պաղպաղակ արտադրող բոլոր կազմակերպությունները գտնվում են Ծառայության մշտական վերահսկողության ներքո: Կոչ ենք անում ՀԿ եւ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հայտարարություններ եւ մեկնաբանություններ անելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով եւ չապակողմնորոշել սպառողներին»,- հայտնեցին ծառայությունից:





























