Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետեւում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 29-ին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ քննարկմանը:
«Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, եւ այսօր որեւէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետեւից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաեւ գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման եւ տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը»,- նշել է նախագահը:
Նախագահի խոսքով, սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է: «Հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ եւ, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորին հայտնի են: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ եւ մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարակական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետեւ այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետեւյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռեւս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ եւ պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, եւ մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք: «Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաեւ հասարակական ընկալում, թե ամենուր եւ ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաեւ միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել եւ ենթարկելու ենք այդ երեւույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երեւույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որեւէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երեւույթների մասին, բայց միաժամանակ կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում: Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ»,- արձանագրել է նախագահը:





























