Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում երկու օր առաջ զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Դավթաշենի գյուղապետ Գրիգոր Վարդանյանը, մանրամասնելով, որ հիմնական բռնկումը եղել է հունիսի 27-28-ին:
«Էդպես լուրջ բռնկում չի եղել, թեթեւ բան էր, մի 30 հոգի թունավորվել են»,-ասաց նա: Թե ինչը կարող էր նման «թեթեւ» բռնկման պատճառ հանդիսանալ, համայնքապետը դժվարացավ այս պահին հստակ որեւէ բան ասել, միայն նշեց. «Կարող է եւ ջրից լինել, եւ սննդից, փորձանմուշներ են ամեն օր վերցնում, դեռեւս պատասխանները չենք ստացել»,-ասաց նա:
Համայնքի ղեկավարը փոխանցեց նաեւ, որ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացող բնակիչներ չկան, օգնությունը տրամադրվում է հենց գյուղում:
Ավելի վաղ galatv.am կայքը հայտնել էր, որ թունավորման հետեւանքով մարդկանց մոտ առաջացել է սրտխառնոց, փսխում, թուլություն, գլխացավ: Հիվանդներից մեկը` Թամարա Մարտիրոսյանը, հոսպիտալացվել է Թալինի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում:





























