Արդար չէ դժգոհել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից եւ քննադատել այն։ Այս մասին այսօր՝ հուլիսի1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությանը։
«Նա (Իշխան Զաքարյանը-խմբ) ներկայացրեց փաստեր, իսկ թե դրանք ինչպես են քննարկվել խորհրդարանում, այլ խնդիր է։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ բնական է, որ պետք է լինեին քաղաքական քննարկումներ, հնչեցին քաղաքական հարցեր»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։ Նա շեշտեց, որ Իշխան Զաքարյանը ներկայացրել է փաստեր, որոնք ընդունվել են գերատեսչությունների կողմից։
Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ մենք գործ ունենք համակարգված, համատարած յուրացումների հետ, որը տեղի է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Պատգամավորը նաեւ նկատեց, որ Վերահսկիչ պալատը առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող կազմել այդպիսի զեկույց, բայց հետագայում հաշվի են առելով, որ զեկույցին տալով իրավական ընթացք, մեղադրյալներն անխուսափելի են լինելու։
«Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր հանդիսանում են այս համակարգի հենասյունը, ինչպե՞ս կարող են ենթարկվել քրեական հետապնդման։ Սա էլ թատրոնի հաջորդ արարն է, սկզբից դա տեղի ունեցավ Բաղրամյան 19-ում՝ ԱԺ դահլիճում, հիմա էլ Բաղրամյան 26-ում՝ Սերժ Սարգսյանի բանտախցերից մեկում»,- նշեց «Ժառանգության» պատգամավորը։
Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել, Վերահսկիչ պալատի զեկույցի հիման վրա պետք է տեղի ունենա իրավական հետապնդում։
«Չեն հարուցի, թող գլխավոր դատախազի անգործությունը բողոքարկեն դատարանում, պահանջեն, որ հարուցվի քրեական գործ»,- ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությունը եւս կարող է լինել պահանջատեր։
Նշենք, որ շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի դիտողություններ էր ներկայացրել Իշխան Զաքարյանին՝ կապված նրա գնահատականներ հետ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























