Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ֆինանսական գնահատականի հետ համաձայն չեմ; Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ անդրադառնալով ՎՊ-ի կողմից ոռոգման եւ խմելու ջրի համակարգերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին;
Մասնավորապես՝ Արմավիրի մարզում ոռոգման ջրանցքների շինարարությունում ՎՊ-ն 47 մլն դրամ անարդյունավետ ծախս է գնահատել՝ 300 մետրի վրա ճաքեր լինելու պատճառով:
Ըստ Ա. Անդրեասյանի՝ իրենք կատարել են 8 մլրդ դրամի աշխատանք՝ 90 կմ մայր ջրանքի շինարարություն, 240 հազ. քառ. մետր բետոնապատում: Այդ ծավալի մեջ ճաքերի որոշ քանակություն թույլատրվում է շինարարական նորմերով, սակայն դա չի նշանակում, որ բետոնն ամբողջությամբ պետք է փոխել, այնինչ ՎՊ-ն գնահատել է բետոնի ողջ արժեքը: Ա. Անդրեասյանն ասաց, որ ճաքերը վերացնելու հատուկ տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ ճաքերը վերացվում են առանց բետոնը փոխելու, ու այդ աշխատանքները միշտ էլ օպերատիվ կատարվում են: «Այդ ճաքերի մասին նույնիսկ կարելի էր չնշել, քանի որ շինարարարական կազմակերպությունը պարտավորվում է դրանք վերացնել»,- ասաց Ա. Անդրեասյանը:
Նա կտրականապես հերքեց, որ ճաքերը կարող են լինել անորակ բետոնի արդյունք՝ օգտագործվել է միայն բարձրորակ ցեմենտ: ՎՊ արձանագրության մեջ նույնպես չի նշվել բետոնի որակի մասին դիտողություն, թեեւ բետոնի նմուշները լաբորատոր ստուգման են ենթարկվել:
Ա. Անդրեասյանն ասաց, որ ՎՊ-ն ստուգման է ենթարկել ողջ համակարգը, եւ ստուգմամբ արձանագրված խախտումների մի մասի հետ համաձայն են: «Եթե ստուգողների ու ստուգվողների միջեւ ամեն ինչ հարթ է, ուրեմն մտահոգվելու առիթ կա; Սա ստուգվողի եւ ստուգողի միջեւ հարատեւ կոնֆլիկտ է»,- ասաց Ա. Անդրեասյանը:





























