ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում զանգվածային թունավորման դեպքի հետ կապված:

Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթեւ խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում հունիսի 28-ին զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավթաշենի գյուղապետ Գրիգոր Վարդանյանը նշել էր, որ հիմնական բռնկումը եղել է հունիսի 27-28-ին: «Էդպես լուրջ բռնկում չի եղել, թեթեւ բան էր, մի 30 հոգի թունավորվել են»,-ասել էր նա: Թե ինչը կարող էր նման «թեթեւ» բռնկման պատճառ հանդիսանալ, համայնքապետը դժվարացել էր հստակ որեւէ բան ասել, միայն նշել էր. «Կարող է եւ ջրից լինել, եւ սննդից, փորձանմուշներ են ամեն օր վերցնում, դեռեւս պատասխանները չենք ստացել»: