Եգիպտացի չորս նախարարներ հրաժարականի դիմում են ներկայացրել վերջին օրերին Կահիրեում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերից հետո: Իրենց պաշտոններն են որոշել լքել շրջակա միջավայրի, արդարադատության, հաղորդակցման եւ զբոսաշրջության նախարարները:

Հրաժարականների դիմումներն արդեն հանձնել են վարչապետ Հիշամ Քանդիլին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Agence France-Presse-ին:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Ալ Ահրամ» կայքը, հայտնում է երեք նախարարների հրաժարականի մասին` արդարադատության,  կապի եւ զբոսաշրջության:  Կառավարության աղբյուրը նշում է, որ վարչապետ Հիշամ Քանդիլը դեռ չի ծանոթացել դիմումներին` «գերզբաղվածության պատճառով»:

Նախարարները վճռել են հրաժարական տալ Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի պատճառով: Հունիսի 30-ին գործող ղեկավարության դեմ բողոքի ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է մի քանի միլիոն մարդ: Նրանց հիմնական պահանջն է եղել նախագահի հրաժարականը եւ իշխանափոխությունը: Ցուցարարների առաջնորդներն իշխանություններին իրենց  պահանջները կատարելու համար ժամանակ են տվել մինչեւ հուլիսի 2-ի ժ. 17:00-ն: