«Միասնական Ջավախք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի եղբորը`՝ Արմեն Չախալյանին այսօր` հուլիսի 1-ին, դատարանի որոշմամբ կալանավորեցին երկու ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:
Նրա փոխանցմամբ` պաշտպանական կողմը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Արմեն Չախալյանին, սակայն մեղադրող կողմը դա չընդունեց: Նա նշեց, որ եղբոր դեմքին վնասվածքներ է նկատել, որը, ինչպես եղբայրն էր ասել դատի ժամանակ, ոչ թե կռվի ժամանակ է ստացել, այլ ճանապարհին ոստիկաններն են հարվածել, այնուհետեւ կալանավայրում բուժօգնություն են ցուցաբերել: «Այդ կռվի ընթացքում տուժածների վրա այդքան վնասվածք չկար, ինչքան եղբորս վրա»,- ասաց նա:
Վահագն Չախալյանն նաեւ նշեց, որ եղբորը պաշտոնյաներից մեկը ասել է, թե, «ճիշտ է, Մերաբաշվիլին կալանավորված է, բայց իր ձեռքերը երկար են»: «Թող քննությունը պարզի: Այսօր լրիվ համոզվեցի, որ եղբայրս անմեղ է, միակողմանի հետաքննություն է ընթանում, եղբորս նույնիսկ չեն հարցաքննել»,- ասաց Վահագն Չախալյանը` հավելելով, որ կհետեւի քննության ընթացքին եւ չի ուզում հավատալ, որ կենտրոնական իշխանությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։
«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։»,- նշել էր «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։





























